շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանում մեկնարկել են զորավարժություններ` ուկրաինացի և թուրք զինվորականների մասնակցությամբ

Վրաստանում մեկնարկել են զորավարժություններ` ուկրաինացի և թուրք զինվորականների մասնակցությամբ

Հինգշաբթի Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

«Այս տարի առաջին անգամ Վրաստանում անցկացվում են Maple Arch-2021 հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժությունների կազմակերպիչը Կանադայի պաշտպանության նախարարության ռազմական վարժանքների տնօրինությունն է, իսկ վրացական կողմից դրանք ղեկավարում է Պաշտպանության ուժերի արեւելյան հրամանատարությունը։ Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Վրաստանից, Կանադայից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման եւ իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ ավելի մոտեցումը եւ արդյունավետ որոշումներ կայացնելու հմտությունների կիրառումը, հավելել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Երկշաբաթյա զորավարժությունները տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ Վարժանքների եւ գնահատման համատեղ կենտրոնում (JTEC): Կանադացի հրահանգիչների հետ միասին դրանց մասնակցում են վրացի գործընկերները։ Maple Arch-ն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում։ Վրաստանը դրանց մասնակցում է 2018 թվականից։

  • Կիսվել: