Վրաստանում ԵՄ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված դեսպանի՝ ԱԳՆ կանչվելու հետ
Վրաստանում Եվրամիության դեսպանատունը հայտարարություն է տարածել դեսպան Պավել Հերչինսկուն արտաքին գործերի նախարարություն կանչելու վերաբերյալ: Դեսպանատունը նշել է, որ հանդիպման ժամանակ «մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ», և ԵՄ անդամակցությունը պահանջում է «իրական նվիրվածություն և շոշափելի բարեփոխումներ ԵՄ արժեքներին ու չափանիշներին համապատասխանելու համար», գրում է aliq.ge-ն:
«Ցավոք, վրացական իշխանությունների ընտրած ներկայիս ուղին երկիրն ավելի է հեռացնում ԵՄ անդամակցության ուղուց: ԵՄ-ի դեմ շարունակական և միտումնավոր հռետորաբանությունը ավելի է խաթարում Վրաստանի ԵՄ ձգտումների հավաստիությունը։
ԵՄ-ն ոչ մեկին չի ստիպում դառնալ իր ընտանիքի անդամ: Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին բաց չթողնել դեռևս գոյություն ունեցող պատմական հնարավորությունը», — ասված է հայտարարության մեջ: Նաև նշված է, որ Եվրամիությունը բազմիցս հաստատել է Վրաստանի առաջընթացի ցանկությունը և կարծում է, որ «ԵՄ անդամակցությունը երկրի համար խաղաղության և բարգավաճման լավագույն երաշխիքն է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին կանչվել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու հետ հանդիպման՝ Բրյուսելում Եվրոպական Միության Արտաքին Գործողությունների Ծառայության կողմից Վրաստանի վերաբերյալ կազմակերպված միջոցառման և դրա շրջանակներում արված հայտարարության վերաբերյալ, հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ նախարարը ընդգծել է, որ Վրաստանի նկատմամբ Բրյուսելի ներկայիս քաղաքականությունը, Վրաստանի վերաբերյալ ձեռնարկված քայլերը և արված հայտարարությունները խաթարում են կողմերի միջև վստահությունը և վնասում Վրաստան-Եվրամիություն գործընկերությանը։
«Ցավոք, Բրյուսելի գործողությունները կարող են գնահատվել միայն որպես վրացական հասարակության հետագա բևեռացման և արմատական օրակարգի խրախուսմանն ուղղված քայլեր։ Նախարարը նշել է, որ Վրաստանի կառավարությունը մշտապես արտահայտել է կառուցողական երկխոսության իր պատրաստակամությունը և ակնկալում է արդար և հարգալից վերաբերմունք Եվրամիությունից», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Պավել Հերչինսկու Վրաստանի արտաքին գործերի նախարարություն կանչը կապված էր մի քանի օր առաջ Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում կայացած միջոցառման ժամանակ նրա արած հայտարարության հետ, որը լուսաբանել են մի քանի վրացական լրատվամիջոցներ. «Վրաստանը գտնվում է խաչմերուկում, Վրաստանի ապագան դեռ չի գրվել, բայց այն, ինչ կորոշվի առաջիկա շաբաթներին և ամիսներին, կորոշի, թե արդյոք Վրաստանը պատկանում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված եվրոպական երկրների ընտանիքին, թե, ցավոք, կվերադառնա իր մութ անցյալին»։
Բացի այդ, Հերչինսկին նշել է. «Մենք չպետք է թույլ տանք Վրաստանին և հրաշալի, ջերմ, հյուրընկալ վրաց ժողովրդին վերադառնալ բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների, կոռուպցիայի մութ ժամանակներին»։


