երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վրաստանին պետք չէ ոչ «մութ անցյալ», ոչ էլ նման սպառնալիքներ․ ԱԳՆ-ն ընդդեմ ԵՄ դեսպանի

Վրաստանին պետք չէ ոչ «մութ անցյալ», ոչ էլ նման սպառնալիքներ․ ԱԳՆ-ն ընդդեմ ԵՄ դեսպանի

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին անդրադարձել է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հետ ունեցած հանդիպմանը՝ մեկնաբանելով Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ դեսպանի արած հայտարարությունները։

Նախարարի խոսքով՝ չնայած դիվանագետի տված պարզաբանումներին, միևնույն է՝ «փաստերն ու գործողությունները մնում են փաստեր ու գործողություններ»։ Նա հավելել է, որ «այն պատկերը, որն այսօր տեսնում ենք, անընդունելի է»։

Բոչորիշվիլին ընդգծել է, որ հենց Վրաստանի իշխանությունն է լավագույնս տեսնում և հասկանում, թե ինչ խաչմերուկում է գտնվում երկիրը և որքանով պետք չեն նրան ոչ մութ անցյալը, ոչ էլ նմանատիպ սպառնալիքները։

«Ո՛չ վրացիներից լավ, ո՛չ էլ ժողովրդի ընտրած իշխանությունից լավ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ ընտրության առջև է կանգնած մեր երկիրը։ Վրաց ժողովրդի կամքն արտահայտված է երկրի ղեկավարության ընտրությամբ։ Իշխանությունը ներկայացնում է հենց այն ժողովրդի կամքը, որի համար <Եվրամիությունում> այդքան մտահոգված են։

Հետևաբար, հենց իշխանությունն է ամենից լավ զգում, թե ինչպիսի խաչմերուկում է հայտնվել Վրաստանը, որքան կարևոր է երկրի անվտանգության համար ռիսկերի կանխումը և կայունությունը։ Մեզ պետք չէ հասարակության պառակտման և արմատական օրակարգերի խրախուսում։ Մեզ պետք չեն մութ անցյալ և նմանօրինակ սպառնալիքներ»,- հայտարարել է նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ ինչն էր Հերչինսկու հայտարարության մեջ սպառնալից, Բոչորիշվիլին ընդգծել է, որ անընդունելի է այն ամենը, ինչը հասարակության մեջ բևեռացում է հրահրում։

Այն հայտարարությունները, գործողություններն ու քայլերը, որոնք ձեռնարկվում են Բրյուսելի կողմից, և այն վերաբերմունքը, որ տեսնում ենք Վրաստանի իշխանությունների հանդեպ, անընդունելի են և նպատակ ունեն պառակտել հասարակությունը։ Անընդունելի է այն ամենը, ինչը բևեռացում է սերմանում մեր հասարակության մեջ, ինչպես նաև անընդունելի է արմատական օրակարգի խրախուսումը»,- նշել է Բոչորիշվիլին։

Այն հարցին, թե արդյոք նա լսել է Հերչինսկու պարզաբանումները, ԱԳ նախարարը պատասխանել է, որ Բրյուսելից ակնկալում է այնպիսի վերաբերմունք, որին արժանի է Վրաստանը։

«Ինչպիսի պարզաբանում էլ լսենք, փաստերն ու գործողությունները մնում են անփոփոխ։ Այն պատկերը, որ տեսնում ենք, անընդունելի է։ Վրաստանը բարեխիղճ գործընկեր է. այն Եվրամիության նկատմամբ չի արել որևէ քայլ, որը կարող էր վնասել ԵՄ շահերին։

Հետևաբար, մենք նույնպես ակնկալում ենք, որ Բրյուսելը կցուցաբերի այնպիսի վերաբերմունք, որին Վրաստանն արժանի է՝ որպես բարեխիղճ գործընկեր։

Այս պահին մենք դա չենք տեսնում, և հենց դրանով են բացատրվում այն քայլերը, որոնց ականատեսն ենք լինում։ Եթե ցանկանում ենք հարաբերությունները վերադարձնել բնականոն հուն, ապա առնվազն անհրաժեշտ է փոխադարձ հարգանք, և այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության վրա, մինչդեռ նման հայտարարությունները պարզապես խարխլում են այդ վստահությունը»,- եզրափակել է Մակա Բոչորիշվիլին։

  • Կիսվել: