հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Վրաստանի դատախազությունը պետական դավաճանության մեղադրանքով լրագրող է ձերբակալել

Վրաստանի դատախազությունը պետական դավաճանության մեղադրանքով լրագրող է ձերբակալել

Վրաստանի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել է «Ասավալ-Դասավալի» թերթի լրագրող Դոմենտի Չուբինիձեին։ Գործն առնչվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հասցեին նրա հնչեցրած այն մեղադրանքներին, թե վերջինս Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի մի մասը զիջել է Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի գլխավոր դատախազությունը դատարանի որոշման հիման վրա պետական դավաճանության, մասնավորապես՝ սաբոտաժի մեղադրանքով ձերբակալել է «Ասավալ-Դասավալի» թերթի ներկայացուցիչ Դոմենտի (Դիտո) Չուբինիձեին։ Հետաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դոմենտի Չուբինիձեին մեղադրանք կառաջադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փետրվարից ի վեր Չուբինիձեն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածել այն մասին, իբր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հարևան պետության հետ գաղտնի համաձայնագրով Ադրբեջանին է հանձնել Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի հատվածը։

Դատախազությունը պնդում է, որ վանական համալիրի հատվածում սահմանազատման վերաբերյալ Բաքվի հետ համաձայնություն մինչ օրս ձեռք չի բերվել։ Գերատեսչությունը նաև ընդգծում է, որ օրենսդրությամբ պետական սահմանի որոշման միջազգային համաձայնագրերը ենթակա են խորհրդարանի վավերացմանը, իսկ համապատասխան բանակցությունները մտնում են սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի լիազորությունների մեջ։

Սաբոտաժի մեղադրանքը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում։

Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որը հիմնադրվել է 6-րդ դարում, գտնվում է Վրաստանի արևելքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Համալիրը պատմամշակութային մեծ նշանակություն ունի Վրաստանի համար, իսկ այդ հատվածով անցնող սահմանագծի հարցը տարիներ շարունակ մնում է Վրաստանի և Ադրբեջանի քննարկումների օրակարգում։

  • Կիսվել: