Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հուլիսի 31-ին զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրան դադարեցնել երկրի զինված ուժերի կողմից Սև ծովում լցանավերի վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Վենսի խնդրանքից հետո Զելենսկին հրահանգել է «սառեցնել» նավթատար լցանավերին հասցվող ինտենսիվ հարվածները։
Ըստ հրապարակման՝ Սպիտակ տունը դժգոհ է եղել, որ Ուկրաինան ավելի է ապակայունացնում նավթի շուկաները, ինչպես նաև վնասում ամերիկյան ընկերություններին։ Բանն այն է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ են հայտնվել նաև այն լցանավերը, որոնք Ղազախստանից նավթ էին տեղափոխում Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալ։ Ամերիկյան առաջատար նավթային Chevron և ExxonMobil ընկերությունները, որոնք Ղազախստանի խոշորագույն Թենգիզի նավթահանքի համասեփականատերերն են, արդյունահանված նավթը համաշխարհային շուկա են արտահանում հենց Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարով։



