Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս
Միացյալ Նահանգները մշակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շատ կոնկրետ առաջարկ, և Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չհամաձայնեն իր առաջարկած պլանին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Թաջ Մահալ այցից հետո։
«Եկել է ժամանակը, որ նրանք կա՛մ համաձայնեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս գա այդ գործընթացից», - նրա խոսքն է մեջբերում Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ կողմերը պետք է պատրաստ լինեն տարածքային զիջումների՝ համաձայնության հասնելու համար։
«Տարածքների փոխանակում պետք է տեղի ունենա», - ասել է Վենսը՝ նշելով, որ հակամարտության կարգավորումից հետո սահմանը կարող է չհամընկնել ընթացիկ ճակատային գծի հետ։
Վենսը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված հակամարտության կարգավորման բանակցությունների առումով, ինչպես նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, մինչ օրս կողմերը բանակցությունները վարել են բարեխղճորեն։
Ապրիլի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիր ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ըստ The New York Post-ի՝ Թրամփի ծրագիրը կարող է ներառել կետ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում եվրոպական զորքերի տեղակայման մասին։ Բացի այդ, քննարկվում է «համատեղ հանձնաժողովի» ստեղծման հարցը, որի կազմի մեջ կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ոչ անդամ երրորդ երկրի ներկայացուցիչները՝ հրադադարի ռեժիմի հսկման համար։