շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան

Իրանն այսօր դիմակայում է Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նրանք ցանկանում են վախեցնել և ահաբեկել Իսլամական Հանրապետությանը՝ հայտարարել է Իրանի նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը շեշտել է՝ Թեհրանը չի խոնարհվելու: Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները թիրախավորելու համար: Նախագահի խոսքով՝ Իրանը չի հանձնվի նույնիսկ երկրի շրջափակման պայմաններում:

«Վաշինգտոնը չի ցանկանում, որ մենք անկախ լինենք։ Նրանք ուժեղացնում են պատժամիջոցները, ցանկանում են պառակտել ժողովրդին: Իրանը չի ընդունի դա»,- հավելել է Փեզեշքիանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի զղջում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար և անհրաժեշտության դեպքում կրկին կանի դա:

«Ես զրկել եմ իրանցիներին միջուկային ներուժից: Նրանք խելագար են, եթե միջուկային զենք ունենան, կօգտագործեն այն և կոչնչացնեն Իսրայելը, Մերձավոր Արևելքը»,- հավելել է Դոնալդ Թրամփը։

Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի ընտրությունից հետո:

Իսրայելի վարչապետը ևս պնդել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի: «Երդվում եմ՝ քանի դեռ ես վարչապետ եմ, դա տեղի չի ունենա»,- զգուշացրել է Նեթանյահուն։

  • Կիսվել: