Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորախումբ կդիտվի օրինական թիրախ մեր զինուժի համար. Զախարովա
Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած օտարերկրյա ռազմական զորախումբ կդիտվի որպես օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի հարվածների համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բրիտանականը բացառություն չի լինի»,-նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու նպատակով բրիտանական հրթիռային զենքի հնարավոր օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Լոնդոնը ճանաչվի որպես հակամարտության անմիջական կողմ:
Զախարովան վստահեցրել է՝ նման գործողությունները կունենան համապատասխան հետևանքներ։
«Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նոր բարձր ճշգրտության «Nightfall» բալիստիկ հրթիռներ են մշակվում, որոնք ունեն ավելի քան 500 կիլոմետր հեռահարություն և հաղթահարում են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությունը: Ռուսաստանի տարածքին հարվածելու նպատակով այս կամ ցանկացած այլ հրթիռային սպառազինության հնարավոր կիրառումը միայն մոտեցնում է այն պահը, որ Լոնդոնը հայտարարվի որպես հակամարտության կողմ՝ դրանից բխող պատասխան հակազդեցության բոլոր միջոցներով»,-ասել է Զախարովան, որի հայտարարությունները հնչել են Արևմուտքի երկրներում Ուկրաինայի համար հնարավոր «անվտանգության երաշխիքների» քննարկումների ֆոնին:



