Ուկրաինայի օրինակով պարզ է՝ ինչ կլինի ՌԴ և Արեւմուտքի հակամարտության թատերաբեմում հայտնվելու դեպքում․ Կոպիրկին
Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա քաղաքական դիմակայության շարունակությունն է և դրա ուղիղ հետևանքը: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Նապոլեոնին և Հիտլերին նմանակողները տարված են նախորդ պարտությունների համար ռևանշի հասնելու գաղափարով և ակներև է, որ ներկայիս պատերազմի գլխավոր հրահրողները եվրոպական պետություններն են՝ նախևառաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք, ըստ ամենայնի չեն սերտել անցյալի դասերը», - ասել է ՌԴ դեսպանը:
Կոպիրկինի խոսքով՝ «2014-ին Արևմուտքն իր իսկ կազմակերպած պետական հեղաշրջման արդյունքում Ուկրաինայում իշխանության է բերել հակաժողովրդական, նեոնացիստական ռեժիմ, որի նպատակն է ՌԴ-ի դեմ պայքարը»:
«Ուկրաինայի օրինակով պարզ է՝ ինչ կլինի ՌԴ և Արեւմուտքի հակամարտության թատերաբեմում հայտնվելու դեպքում, կդադարի հետևել ազգային շահերին և Արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրագործման գործիքի», - եզրափակել է ՌԴ դեսպանը: