Ուկրաինան հայտնել է Սարատովի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին
Ուկրաինական ուժերը լույս ուրբաթ գիշերը հարձակվել են Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա։ Գրանցվել են մի շարք պայթյուններ, որոնց հաջորդել է հրդեհ թիրախային տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իրենց հերթին ռուսական տելեգրամյան ալիքները, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել են, որ Սարատովում և Էնգելսում, որտեղ ռազմական օդանավակայան կա, կեսգիշերն անց ժամը 1:00-ից մինչև 5:00-ը պայթյուններ են լսվել: ՌԴ պաշտպանության նախարարությունն առավոտյան զեկույցում հայտնել է, որ Սարատովի մարզի վրա խոցվել է 30 անօդաչու թռչող սարք:
Ընդհանուր առմամբ նշվում է 136 անօդաչուի ոչնչացման մասին։ Սա աշնան սկզբից ի վեր Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի յոթերորդ հայտարարությունն է Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին։


