երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ուկրաինան գուցե ստիպված լինի ընդունել, որ ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում իր որոշ տարածքներ կարող են մնալ Կիևի վերահսկողությունից դուրս. Մերց

Ուկրաինան գուցե ստիպված լինի ընդունել, որ ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում իր որոշ տարածքներ կարող են մնալ Կիևի վերահսկողությունից դուրս. Մերց

Ուկրաինան գուցե ստիպված լինի ընդունել, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում իր տարածքի որոշ հատվածներ ապագայում կարող են մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։ Այս մասին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Նա այդպիսի զիջումները կապել է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների հետ։

Մերցը, մասնավորապես, նշել է. «Ինչ-որ պահի Ուկրաինան Ռուսաստանի հետ կստորագրի հրադադարի համաձայնագիր, և հուսով եմ՝ ինչ-որ պահի նաև խաղաղության պայմանագիր։ Այդ դեպքում կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս ուկրաինական չլինի»,:

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դրա համար պետք է ստանա ժողովրդի մեծամասնության համաձայնությունը՝ ցույց տալով նրանց, որ «ճանապարհ է բացում դեպի Եվրոպա»։

Նշենք, որ Կիևի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը նախկինում արգելափակել էր Հունգարիայի ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն ընտրություններում նրա պարտությունը հույսեր է առաջացրել, որ գործընթացը կարող է անցնել հաջորդ փուլ։

Հավելենք, որ Ուկրաինան այս պահին ԵՄ անդամի պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ունի, մինչդեռ Մերցը զգուշացրել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ պատերազմական վիճակում է։

«2027 թվականի հունվարի 1-ից ԵՄ-ին միանալու գաղափարը իրատեսական չէ։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ը իրատեսական չէ»,-ասել է նա՝ առաջարկելով միջանկյալ քայլեր, որոնցից մեկը, օրինակ, Ուկրաինայի՝ ԵՄ կառույցներում դիտորդի կարգավիճակ ստանալն է, ինչին, Մերցի խոսքով, աջակցում են եվրոպական առաջնորդները։

«Ուկրաինան եվրոպական երկիր է։ Այդ պատճառով մենք պետք է բաց լինենք նոր անդամների համար։ ԵՄ-ն չպետք է դառնա բացառիկ ակումբ»,-իր խոսքն ամփոփել է Գերմանիայի կանցլերը:

  • Կիսվել: