Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին, այս գործընթացում չկան զեղչեր կամ արտոնություններ. Մարթա Կոս
Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին, այս գործընթացում չկան զեղչեր կամ արտոնություններ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը` orriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«2027 թվականի հունվարի 1-ի ամսաթիվը սահմանվել էր նախագահ Զելենսկու կողմից։ Անդամակցությունը հիմնված է վաստակի սկզբունքի վրա. ակնհայտ է, որ այս ամսաթիվը անհնար է», - ասել է Կոսը։
Նրա խոսքով՝ Կիևում և այլ երկրներում Ուկրաինայի մուտքը ԵՄ դիտարկում են որպես անվտանգության երաշխիք։ Նա նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունը փոխել է աշխարհաքաղաքականությունը Եվրոպայում։
«Եվ հետևանքներից մեկն այն է, որ ընդլայնումը կրկին դարձել է առաջնահերթություն՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուսների համար», - հայտարարել է եվրոհանձնակատարը։
Կոսն ընդգծել է, որ Ուկրաինայի համար անդամակցության գործընթացում չեն լինի արտոնություններ կամ զեղչեր, սակայն, նրա խոսքով, ԵՄ-ն պետք է հաշվի առնի այն իրավիճակը, որում գտնվում է երկիրը։
«Անդամակցության գործընթացում չկան ոչ արտոնություններ, ոչ էլ զեղչեր, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Ուկրաինան պատերազմ է մղում գոյատևման համար, և հետևաբար մեր պարտքն է նաև օգնել նրան», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ կհաջողվի բացել հնարավորինս շատ բանակցային կետեր Ուկրաինայի հետ։



