Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Մոսկվայի մարզի վրա
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը տեղեկացրել է Մոսկվայի մարզի վրա գիշերը կատարված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքների մասին, տեղեկացնում է BBC-ն։
Վորոբյովն իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Երեկ երեկոյան ՀՕՊ ուժերը և պատերազմի այլ միջոցները հետ են մղել Մոսկվայի մարզի վրա կատարված անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Հիմնական հետևանքները գրանցվել են Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովո քաղաքային շրջանում»:
Նա հավելել է, որ մեկ մարդ վիրավորվել է Դոմոդեդովոյում՝ մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով, ևս մեկը՝ Մ-4 մայրուղում՝ մեքենայի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։
Ըստ նահանգապետի՝ ԱԹՍ-ները վնասել են մի քանի մասնավոր տուն, հրդեհներ են առաջացրել և վնասվել են որոշ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
«Օդինցովոյում վնասվել են մեկ մեքենա և մեկ մասնավոր տուն։ Զոհեր չկան»,-գրել է նահանգապետը։
Բացի դրանից, Պոդոլսկում անօդաչու թռչող սարքերի վթարները հրդեհների պատճառ են դարձել, վնասել են մի քանի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ և Մալոյե Տոլբինո գյուղի մասնավոր տունը։
Wildberries-ի վրա հարձակումների ֆոնին, ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայի մարզի Պոդոլսկի Կոլեդինո գյուղում գտնվող Wildberries լոգիստիկ համալիրը շարունակում է աշխատել իր բնականոն ռեժիմով։
Պահեստային համալիրը նախկինում տարհանվել էր անվտանգության նկատառումներով, և աշխատակիցները վերադարձել են։
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պոդոլսկում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնի վրա: Շաբաթ օրը Կիևը հարվածել է Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստներին և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող պահեստներին: Զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ գրեթե 50-ը:



