Ուկրաինան 2022 թվականի բանակցություններում համաձայնել է հանձնել Դոնբասը. Զելենսկու նախկին մամուլի քարտուղար
Ուկրաինան 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում համաձայնել է «հանձնել Դոնբասը»: Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա չի բացահայտել, թե կոնկրետ ումից է ստացել այդ տեղեկությունը։
Նրա խոսքով՝ Զելենսկին համաձայնել է հանձնել տարածքը, քանի որ դա կնշանակեր պատերազմի ավարտ։
«Իսկ հիմա նա կանգնած է բազմամիլիոնանոց լսարանի առջև և ասում է. «Ես չեմ կարող հանձնել Դոնբասը»։ Տեսնում եք, նա հետևողական չէ։ Նա անընդհատ փոխում է դիրքորոշումները»,- արձանագրել է Մենդելը։
Մենդելը հայտարարել է, որ իր նախկին ղեկավարին համարում է Ուկրաինայում խաղաղության ճանապարհին գլխավոր խոչընդոտը:
«Ես անձնական վրեժխնդրություն չունեմ, բայց կարծում եմ, որ նա խաղաղության ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկն է»,- ասել է Մենդելը։
Մենդելը խոստովանել է, որ կցանկանար աշխարհին պատմել այն մասին, թե իրականում ինչպիսի մարդ է Զելենսկին։ Նրա խոսքով՝ նա բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին թվում է հրապարակային ելույթներում։
«Դա այն մարդը չէ, ում դուք տեսնում եք հեռուստաէկրաններին, դա բոլորովին այլ մարդ է։ Նա անընդհատ դիմակներ է փոխում», - ընդգծել է նա։
Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը նրան անվանել է «հուզականորեն անվերահսկելի» և նշել է, որ նա հաճախ հիստերիաներ է անում և ցանկացած մարդու համարում է պարզապես ծախսվող նյութ։
«Նա բացարձակ, խենթորեն տաղանդավոր դերասան է։ Եվ 2022 թվականին դա մեզ հսկայական աջակցություն բերեց։ Բայց նրա դերասանական խաղի մեջ չկա ոչ մի խորություն, իսկ այն ամենը, ինչ նա ասում է, բոլորովին կտրված է իրականությունից»,- հավելել է Մենդելը:
«Նա 15 րոպեով գնում է լոգարան: Եվ ես ձեզ ասում եմ՝ ինձ միշտ զարմացնում էր, որ նա դուրս էր գալիս որպես այլ մարդ: Իսկապես, միշտ այլ մարդ, նա դուրս էր գալիս էներգիայով լի, գիտեք, գործողությունների պատրաստ»,- ասել է Մենդելը՝ պատմելով Զելենսկու հարցազրույցների նախապատրաստման գործընթացի մասին։
Ընդ որում, նա նշել է, որ երբեք անձամբ չի տեսել, թե ինչպես է Զելենսկին թմրանյութ օգտագործում։
«Ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հաստատել են, որ տեսել են, թե ինչպես է նա թմրանյութ օգտագործել տարբեր ակումբներում»,- հավելել է Մենդելը։


