Տուսկը դահուկով սահելիս կոտրել է ոտքը
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել դահուկով սահելիս: Այդ մասին Տուսկն ինքն է հայտնել X սոցիալական հարթակում։
Նա տեսանյութ է զետեղել, որտեղ կանգնած է՝ հենված երկու հենակներին։ Վարչապետի ձախ ոտքի վրա օրթեզ է ամրացված:
«Դրանք պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր: Ես դրանք պլանավորել էի կես տարի: Թոռներիս հետ երկու օր սահել դահուկներով: Լանջի վրա թոռներս ասացին. «Ցույց տուր, թե ինչպես ես սահում, պապիկ»։ Դե, ես էլ ցույց տվեցի», - ասում է Տուսկը։
Նա մանրամասնում է, որ մի քանի օր ստիպված է լինելու քայլել հենակներով, դրա հետ մեկտեղ մտադիր չէ դադարեցնել աշխատանքը։
«Առաջիկա մի քանի օրերին ինձ մոտ կլինեն այս հարմարանքները՝ այս հենակները և օրթեզը: Բայց ես կաշխատեմ, իհարկե, հիվանդաթերթիկ չեմ վերցնի», - ասել է վարչապետը։
Նա դահուկասահքի սիրահարներին խորհուրդ է տվել ավելի զգույշ լինել, սահելուց առաջ տաքանալ և ստուգել դահուկները։