Թուրքիայում ձերբակալել են խարդախության մեջ մեղադրվող, Ինտերպոլի կողմից հետախուզվող Ռուսաստանի քաղաքացուն
Թուրքիայի Ալանիա քաղաքում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Մ.Դ.-ին, որին Ռուսաստանի իրավապահ մարմինները որոնում էին խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, հայտնում է Haber-ը։
Նրա նկատմամբ Ինտերպոլը նախկինում կարմիր ծանուցում էր հրապարակել։
Ձերբակալության մասին հայտնել են այն բանից հետո, երբ Թուրքիայում Ինտերպոլի ստորաբաժանումը տեղեկություն էր փոխանցել տեղական իրավապահ մարմիններին։ Անթալիայի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության հետախուզական ստորաբաժանման և մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Ալանիայում հայտնաբերել են կասկածյալի գտնվելու վայրը։
Մ.Դ.-ն ձերբակալվել է այն հասցեում իրականացված գործողության արդյունքում, որտեղ նա թաքնվում էր։ Ձերբակալությունից հետո նրան հանձնել են համապատասխան մարմիններին՝ Ռուսաստան արտահանձնման ընթացակարգն իրականացնելու համար։



