ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Թուրքիայում իրավապահաները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին, գրում է ermenihaber.am-ը:

Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։

Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։

Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։

Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։

 

  • Կիսվել: