«Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ». Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բեքայն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Իրան հարաբերություններին, գրում է ermenihaber.am-ը:
Նա, պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունների մասին հարցին, ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Մեր հարաբերություններում առկա է ընդհանուր շահերի խնդիր, բացի այդ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ:
Երկու կողմի հաջողությունն էլ տարակարծությունների կառավարումն է բավականին խելամիտ կերպով։ Ուշագրավ է, որ երկու կողմերն էլ սա անում են՝ լավ հարաբերությունները չփչացնելով:
Միևնույն ժամանակ մեր լսած խոսքերը կառուցողական չէին և պետք էր, որ Իրանը շատ հստակ հայտարարեր իր դիրքորոշման մասին»:
Հիշեցնենք, որ Ֆիդանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ հայտարարելով, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):
«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի: Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել: Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,-հայտարարել էր նա: