շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի ֆոնդային շուկան ԿԲ նախագահի պաշտոնանկությունից հետո արդեն երկրորդ օրը ցնցվում է

Թուրքիայի ֆոնդային շուկան ԿԲ նախագահի պաշտոնանկությունից հետո արդեն երկրորդ օրը ցնցվում է

Թուրքիայի հիմնական ֆոնդային ինդեքսը մարտի 23-ին նվազել է ավելի քան 5 տոկոսով, հաղորդում է EADAily-ն:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը Կենտրոնական բանկի նախագահին աշխատանքից հեռացնելու մասին արդեն երկրորդ օրն է երկրի ամբողջ ֆինանսական շուկայի մասշտաբներով խափանում է առաջացրել:

Borsa Istanbul-ի 100 ինդեքսը նվազել է 5,4 տոկոսով՝ շարունակելով կտրուկ անկումը գրեթե ութ տարվա ընթացքում: Ստամբուլի բորսան ստիպված է եղել անցած երկուշաբթի 30 րոպեանոց ընդմիջումներով դադարեցնել առեւտուրը, երբ ցուցանիշն ընկել է 5 տոկոսով, իսկ այնուհետեւ եւս 7 տոկոսով: Երեքշաբթի ուժի մեջ է մտել «մեկօրյա աճի կանոնը», որը խոչընդոտում է բաժնետոմսերի կարճ վաճառքին:

Կենտրոնական բանկի նախագահ Նաջի Ագբալի պաշտոնից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ հեռացումից հետո լուրեր են շրջանառվում, որ երկրի դրամավարկային քաղաքականությունը կվերանայվի գնաճի զսպումից հրաժարվելու ուղղությամբ:

Դա հանգեցրել է թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկմանը ամերիկյան դոլարի նկատմամբ եւ հանգեցրել է ավելի քան 4 տոկոսային կետով 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերության բարձրացմանը: Օտարերկրյա ներդրողները լայնորեն ներկայացված են Թուրքիայի բանկային ոլորտում, եւ երկրի արտաքին վարկատուները ներկայումս դիտարկում են կապիտալի տեղաբաշխման ծավալների նվազման տարբերակները:

Թուրքական խոշոր Erdemir եւ Garanti ընկերությունների բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 7,6%-ով եւ 9,9%-ով, ինչը նպաստել է Borsa Istanbul Banks ինդեքսի ընդհանուր անկմանը 7,9%-ով: AK Investment բրոքերային ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում, իր Garanti BBVA եւ Yapi Kredi մոդելային պորտֆելից հեռացրել է երկու թուրքական վարկատուների՝ վկայակոչելով «շուկայի աճող փոփոխականությունը»:

Լիրան շարունակել է անկումը երեքշաբթի սակարկությունների բացման ժամանակ՝ դոլարի նկատմամբ թուլանալով 0,9 տոկոսով՝ նախորդ նստաշրջանի փակման համեմատությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: