Թուրքիայի դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետին և նրա օգնականներին
Թուրքիայի դատախազությունը դատարանից խնդրել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և նրա չորս օգնականներին կալանավորել՝ ահաբեկչության և կոռուպցիայի մեղադրանքով դատավարությունից առաջ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իմամօղլուի գրասենյակին։
Իմամօղլուն, որն ընդդիմության գլխավոր գործիչն է և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական մրցակիցը, չորեքշաբթի ձերբակալվել է կաշառակերության և ահաբեկչական խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով:
Նա հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «աներևակայելի մեղադրանքներ ու զրպարտություն»։
Եթե Իմամօղլուն ձերբակալվի ահաբեկչության մեղադրանքով, դա թույլ կտա կառավարությանը վստահված անձ նշանակել քաղաքապետարանում, համաձայն թուրքական օրենսդրության:
Հազարավոր մարդիկ շաբաթ օրը հավաքվել էին Ստամբուլի քաղաքապետարանի և գլխավոր դատարանի շենքերի մոտ, հարյուրավոր ոստիկաններ երկու վայրերում էլ արցունքաբեր գազ և պղպեղի ցողիչներ են օգտագործել՝ ցուցարարներին ցրելու համար, երբ ցուցարարները նրանց վրա ճայթուկներ և այլ առարկաներ են նետել:
Ոստիկանության հետ ցուցարարների բախումներ են տեղի ունեցել նաև արևմտյան առափնյա Իզմիր նահանգում և Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երրորդ գիշերն անընդմեջ, ոստիկանները ջրցան մեքենաներով կրակում են ամբոխի վրա:
Թուրքական իշխանությունները հետաքննության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել են 323 մարդու, կիրակի վաղ առավոտյան հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իմամօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, դատապարտել է ձերբակալությունը որպես քաղաքական հետապնդում և կոչ է արել կողմնակիցներին օրինական հիմքով ցույցեր անցկացնել։
Կառավարությունը հերքում է որևէ ներգործություն այս հարցի վրա և հայտարարում, որ դատական իշխանությունն անկախ է:
54-ամյա Իմամօղլուն, որը որոշ հարցումներով առաջ է անցել Էրդողանից, առաջիկա օրերին պետք է դառնար ԺՀԿ-ի կողմից նախագահի պաշտոնական թեկնածուն, հայտնում է Reuters-ը։
Հաջորդ ընտրությունները նշանակված են 2028 թվականին, սակայն Էրդողանը հասել է նախագահական երկու ժամկետի սահմանափակմանը՝ նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Եթե նա ցանկանում է նորից առաջադրվել, պետք է արտահերթ ընտրություններ նշանակի կամ փոխի սահմանադրությունը։