Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները. Հաքան Ֆիդան
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել է, որ Անկարան պատրաստ է բանակցություններ կազմակերպել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարամետ Türkiye թերթին։
Ֆիդանը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Պարբերականի տվյալներով՝ Անկարան ընդգծել է խաղաղ գործընթացին մասնակցելու իր հետաքրքրվածությունը՝ նշելով, որ թե՛ Կիևի և թե՛ Մոսկվայի հետ սերտ կապերի շնորհիվ կարող է կարևոր դեր խաղալ բանակցություններում։
Միևնույն ժամանակ Մոսկվայում պատրաստվում են Ռուսաստանի և Ամերիկայի ներկայացուցիչների հանդիպմանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը այսօր Ռիադում բանակցություններ կունենան ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Գլխավոր թեման լինելու է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը։
Ամերիկյան «National Interest» ամսագիրը իր հրապարակման մեջ նշել է, որ, չնայած շարունակվող ռազմական գործողություններին, Ուկրաինայում հակամարտությունն ըստ էության ավարտված է, և շատ երկրներ կարծում են, որ Մոսկվան հաղթել է: