Թուրքիան կարող է ռազմաբազաներ հիմնել կենտրոնական Սիրիայում. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային ժամանակաշրջանի նախագահ Ահմեդ ալ Շարաան Անկարայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության խորացված կապերը, ներառյալ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալներին պատասխան տալու հարցը:
Սա ալ-Շարաայի երկրորդ միջազգային այցն է Սիրիայի ժամանակավոր ղեկավար դառնալուց ի վեր: Առաջինը նա այցելել էր Սաուդյան Արաբիա և հանդիպել թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Սիրիայի նոր ղեկավարության հետ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ԻՊ-ի զինված խմբավորման և Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված քուրդ զինյալների դեմ պայքարին: Նշվել է, որ կողմերը քննարկել են Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Գոլանի բարձունքների տարածքից:
Reuters-ը և եգիպտական Mada Masr պորտալը, վկայակոչելով Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների աղբյուրները, հայտնել են, որ Թուրքիան կարող է ռազմաօդային բազաներ ստեղծել Սիրիայի կենտրոնում: Որպես տարբերակներ են դիտարկվում Փալմիրայի մերձակայքում գործող ռազմական օդանավակայանը, ինչպես նաև Տիյաս գյուղի մոտ գտնվող T4 ավիաբազան:
Ըստ ԶԼՄ-ների՝ բանակցությունների ավարտին քաղաքական գործիչները համաձայնագիր չեն կնքել։ Ալ Շարաան շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ աջակցության համար և Էրդողանին հրավիրել է մոտ ապագայում այցելել Սիրիա։