Թուրքիան Եվրոպային կոչ է անում ստեղծել իր ուժային կենտրոնը
Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը` նվազեցնելու Վաշինգտոնի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում՝ ստեղծելով ուժի նոր կենտրոն մայրցամաքում: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ Թրամփի գործողությունները «տագնապային զանգ են բոլորի համար, ինչը նշանակում է, որ իրենք պետք է համախմբվեն և ստեղծեն իրենց ուժի կենտրոնը»։ Թուրքիան պատրաստ կլինի դառնալ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մաս ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում, հավելել է Ֆիդանը։
«Ջինը շշից դուրս է եկել, և այն հետ դնելու միջոց չկա: Եթե նույնիսկ նախագահ Թրամփը որոշի առայժմ չլքել Եվրոպան, հնարավոր է, որ ապագայում նմանատիպ հայացքներ և քաղաքական գաղափարներ ունեցող մեկը դիտարկի Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ԱՄՆ մասնակցությունը սահմանափակելու հնարավորությունը»,- կարծում է ԱԳՆ ղեկավարը։