Թուրքիան և Ադրբեջանը ապագայում էլ կլինեն իրար կողքի․ Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը ցավակցել է Էրդողանին՝ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով մեծ թվով մարդկանց մահվան կապակցությամբ։
Նա մաղթել է հանգստություն այս սարսափելի ողբերգության հետևանքով զոհվածների հոգիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ալիևը նաև նշել է, որ հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին ողբերգության կապակցությամբ։
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և ցավակցությունների համար և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ մոտ են եղել միմյանց և ապագայում էլ կլինեն այդպիսին։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ։