Թրամփը վստահեցնում է՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում ԱՄՆ-ին կաջակցեն ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները
ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ և Պարսից ծոցի երկրներ կաջակցեն ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն ակնկալու՞մ է, որ Վաշինգտոնի՝ Պարսից ծոցի դաշնակիցները կաջակցեն Հորմուզի շրջափակմանը՝ Թրամփը պատասխանել է. «Այո, իհարկե, նրանք կմասնակցեն»:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «շուտով կսկսվի շրջափակումը» և կներառի «այլ երկրներ»: Նա բացատրել է, որ Մեծ Բրիտանիան և այլ երկրներ ականազերծող նավակներ կուղարկեն տարածաշրջան։
«Մենք շատ հիասթափված ենք ՆԱՏՕ-ից: Շատ, շատ հիասթափված ենք, որ նրանք չմիացան: Հիմա նրանք ուզում են գալ և օգնել նեղուցի հետ կապված, մաքրել այն: Դա երկար չի տևի: Մենք կմաքրենք նեղուցը, և նրանք կկարողանան օգտագործել այն»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ նա սոցցանցի իր էջում գրել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսում են Հորմուզի նեղուցի շրջափակումը. «Այս պահից սկսած՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք աշխարհի լավագույնն են, կսկսեն Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող ցանկացած նավի ՇՐՋԱՓԱԿՄԱՆ գործընթացը»։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը նաև կփնտրեն և կկալանավորեն այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար. «Ոչ ոք, ով անօրինական վճարներ է վճարում, չի ունենա անվտանգ անցում բաց ծովում»։
Թրամփը հաստատել է նաև, որ Իսլամաբադում բանակցությունների ժամանակ համաձայնության չի եկել հնարավոր խաղաղության համաձայնագրի հիմնական կետերից մեկի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա հավելել է, որ կողմերը համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման վերաբերյալ։ «Հանդիպումը լավ է անցել, հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Բայց մեկ, ամենակարևորը՝ միջուկայինը, մնում է չլուծված»,-ասել է նա:


