Թրամփը վստահ չէ Կիևին Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում. Financial Times
Financial Times-ի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «համոզված չէ», թե արդյոք թույլ կտա Ուկրաինային հրթիռներ արտադրել Patriot զենիթային համակարգերի համար։ «Մենք դա ուսումնասիրում ենք»,- նրա խոսքերը մեջբերել է FT-ն։
«Սրանք բացառիկ զենքեր են, և մենք պետք է ավելի զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք լիցենզիան տրամադրում։ Մենք իրականում սարքավորումներ չենք լիցենզավորում»,- ասել է Թրամփը։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լավատես է: ԱՄՆ նախագահի հետ իր վերջին հանդիպումը նա դրական է գնահատել և ասել, որ քննարկել են «Patriot զենիթային հրթիռների արտադրությունն ու մի քանի այլ գաղափարներ»։ Թրամփն «ընդունել է մեզ լիցենզիաներ տրամադրելու առաջարկը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Patriot համակարգերը կենսական նշանակություն ունեն Կիևին և այլ քաղաքներին ուղղված ռուսական բալիստիկ հրթիռները որսալու համար։
ԱՄՆ նախագահը FT-ին նաև ասել է, որ իր հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա: Սա կլինի նրանց առաջին այցը Կիև՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի հանդիպումից հետո։
«Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի»,- ասել է ամերիկացի նախագահը։ «Իմ նպատակը հրթիռները չեն։ Մեզ խաղաղություն է պետք»,- եզրափակել է նա:



