Թրամփը մտադիր է հայտարարել Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրման մասին․ Reuters
Ուկրաինան և ԱՄՆ-ը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։ Ըստ պարբերականի՝ Դոնալդ Թրամփը ցանկանում է այդ մասին հայտարարել այսօր Կոնգրեսին ուղղված իր ուղերձում, որով նա հանդես կգա մարտի 5-ի գիշերը։
Միաժամանակ գործակալության աղբյուրները նշել են, որ համաձայնագիրը դեռ ստորագրված չէ, և «իրավիճակը կարող է փոխվել»։ Նախկինում ենթադրվում էր, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը նախատեսված հանդիպման ժամանակ Զելենսկին և Թրամփը համաձայնագիր կստորագրեն Ուկրաինայում օգտակար հանածոների վերաբերյալ։ Փոխարենը նրանք վիճեցին, և ստորագրությունը ձախողվեց:
Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին ԱՄՆ պաշտոնյաները կոչ են արել Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականներին համոզել Ուկրաինայի նախագահին՝ ներողություն խնդրելու Թրամփից։ Այսօր Զելենսկին X-ի միկրոբլոգում գրել է, որ պատրաստ է ստորագրել «հանքային պաշարների և անվտանգության մասին համաձայնագիր», ընդ որում՝ «ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով»։