հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Թրամփը կարծում է, որ Իրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների

Թրամփը կարծում է, որ Իրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանի իշխանությունները համաձայն են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարել: Այս մասին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրարողների հետ զրույցում՝ չնայած Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միայն անուղղակի բանակցություններ կվարի:

«Կարծում եմ, որ նրանք այժմ ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել», - ասել է նա:

Թրամփն ընդգծել է, որ ուղղակի բանակցություններն ավելի հաջող տարբերակ է համարում, քան միջնորդների միջոցով շփումները։

«Սա ավելի արագ և ավելի լավ պատկերացում է տալիս կողմերի դիրքորոշումների մասին», - նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը նաև նամակ էր ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։ Պատասխան նամակում Իրանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, սակայն պատրաստ է բանակցությունների միջնորդների միջոցով։

 

  • Կիսվել: