չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարքի։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ անախորժություններ է ունենալու», - լրագրողներին ասել է Թրամփն Օվալաձև աշխատասենյակ վերադառնալիս:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պատրաստվում է հանդիպել իր ռուս գործընկերոջը, և հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գործարք կնքել։

«Մենք կփորձենք այս ամենն ավարտել հնարավորինս շուտ։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը երբեք չպետք է սկսված լիներ», - ասել է Թրամփը։

«Շատերը կարծում էին, որ պատերազմը կավարտվի մոտ մեկ շաբաթում, բայց այն արդեն երեք տարի է ձգվում», - նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այս ամենը մեծապես ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա, այդ թվում՝ գնաճի տեսքով:

Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն ասել է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել պատերազմին վերջ տալու համար։

«Զելենսկին ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր արագ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։

Մարկո Ռուբիոն, որի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում արդեն հաստատվել է Սենատի կողմից, հայտարարել է, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից։  

 

  • Կիսվել: