երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփը հաստատել է Պուտինի հետ հեռախոսազրույցը

Թրամփը հաստատել է Պուտինի հետ հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքը մեջբերում Է New York Post։ Հարցին, թե որքան են շփվել Պուտինն ու Թրամփը, Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է պատասխանել: «Ես ավելի լավ է լռեմ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը. միաժամանակ նշել. «Ես ակնկալում եմ, որ դեռ շատ խոսակցություններ կլինեն: Մենք պետք է հասնենք նրան, որ այդ պատերազմն ավարտվի»:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջընթաց է գրանցել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու բանակցություններում, սակայն հրաժարվել է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման մանրամասները: Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Կիևի հետ: ԱՄՆ նախագահը կրկին խոստացել է ավարտել պատերազմը, բայց չի մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում դա անել:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է հաստատել կամ հերքել երկու նախագահի շփման փաստը՝ պատճառաբանելով, որ Վաշինգտոնի վարչակազմի աշխատանքի ընթացքում առաջանում են բազմաթիվ տարբեր շփումներ, և այդ հաղորդակցությունն իրականացվում է տարբեր ուղիներով, ինչին ինքը կարող է տեղյակ չլինել։

  • Կիսվել: