Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը
ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են հուշագիրը, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։
Համաձայնագիրը ներառում է Հորմուզի նեղուցի վերաբացումը, Իրանի համար 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերակառուցման» ծրագիր և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ «բոլոր պատժամիջոցների» վերացում։ Կողմերը հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին
Սակայն Իրանի միջուկային ծրագրի հարցը, որը, ըստ ԱՄՆ-ի, հակամարտության հիմնական պատճառն է, դեռևս չի լուծվել բանակցություններում: Դրանք կարող են երկարաձգվել 60 օրով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագիրը ստորագրել էր Ֆրանսիայում՝ G7 գագաթնաժողովի ժամանակ: Նա ասել է, որ այն կկանխի «տնտեսական աղետը»։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն «հողին կհավասարեցնի Իրանը», եթե վերջնական համաձայնության չհասնի։
Թեհրանը հաստատել է, որ չորեքշաբթի փաստաթուղթը ստորագրել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական լրատվամիջոցներին ասել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ իր անվստահությունը մնում է, և Իրանը «մատը ձգանի վրա է պահում»։
«Եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին», - ասել է նա պետական Fars հեռուստաընկերությանը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն էլ հայտարարել է, որ համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում:


