ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները ցույց են տալիս ԱՄՆ-ի կեղծավորությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները ցույց են տալիս ԱՄՆ-ի կեղծավորությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները մի շարք անձանց, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի, մի քանի նավթատար նավերի և Չինաստանում Իրանի նավթի առևտրով զբաղվող երեք ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածվել Իրանի ԱԳ նախարարության Telegram ալիքում։ 

Անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտոնյաների բազմաթիվ պնդումներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ԱՄՆ գործողությունը որակել է որպես այդ պնդումների կեղծ լինելու ևս մեկ բացահայտ ապացույց և Իրանի ժողովրդի զարգացման, առաջընթացի և բարօրության հանդեպ թշնամանքի ևս մեկ նշան:

Իրանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի կախվածությունը անկախ երկրների նկատմամբ պատժամիջոցների և ճնշումների քաղաքականությունից համարել է օրենքի գերակայության խախտում միջազգային մակարդակում և սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

«Միացյալ Նահանգների նենգ գործողությունները՝ խաթարելու Իրանի տնտեսական և առևտրային շրջանառությունն այլ երկրների հետ, միջազգային իրավունքի և ազատ առևտրի հիմնարար սկզբունքների ու կանոնների բացահայտ խախտում են», - ասել է խոսնակը։

«Այդ անարժան գործողությունները չեն կարող սասանել Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց երկրի անկախությունը, արժանապատվությունը և հետագա զարգացման ու բարգավաճման կամքը», - հավելել է նա։

Պատժամիջոցների սահմանումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակն ԱՄԷ պատվիրակության կողմից հանձնվել էր Իրանին:

 

  • Կիսվել: