Ստուբը Թրամփին կոչ է արել վերջնաժամկետ սահմանել Ուկրաինայում հրադադարի համար
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը անակնկալ այցով մեկնել էր Միացյալ Նահանգներ և Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում յոթ ժամ ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք գոլֆ են խաղացել, միաժամանակ քննարկել երկու թեմա՝ Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն ու ուկրաինական հակամարտությունը։
Ստուբը նշել է, որ այցից առաջ ինքը զրուցել է «հիմնական դաշնակիցների», այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների բոլոր վարչապետների և ԵՄ ղեկավարության հետ։
Նա հավելել է, որ Թրամփին է փոխանցել Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու՝ Ֆինլանդիայի ու Եվրոպայի մտադրությունը:
Ֆինլանդիայի նախագահը նաև Թրամփին կոչ է արել դիտարկել հրադադարի համար վերջնաժամկետ սահմանելու հնարավորությունը: Ստուբն առաջարկել է ապրիլի 20-ը նշանակել Ուկրաինայում հրադադարի հաստատման օր, հաշվի առնել, որ այդ օրը Սուրբ Զատիկ է, նաև լրանում է ԱՄՆ նախագահի պաշտոնավարման երեք ամիսը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ֆինլանդիա հարաբերություններին, ըստ Ատուբի, դրանք շարունակում են կառուցվել ամուր հիմքի վրա։ Նա մասնավորապես կարևորել է ԱՄՆ-ի համար սառցահատների հնարավոր կառուցման թեման։ «Նախագահ Թրամփը օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրացրեց սառցահատների կառուցման գաղափարը, և դա լավ է Ֆինլանդիայի համար: Կարծում եմ շատ կարևոր է, որ կկարողանանք նպաստել դրանց կառուցմանը որպես դաշնակիցներ, քանի որ Ֆինլանդիան կառուցել է աշխարհում սառցահատների մոտ 60%-ը», - ընդգծել է Ստուբը: