Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին` արտահոսքի պատճառով. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին: Պատճառը հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքների նախնական գնահատականի արտահոսքն է մամուլ: Այս մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։
«Վարչակազմի աղբյուրները տեղեկացնում են, որ նրանք պլանավորում են սահմանափակել հրապարակումների քանակությունը CAPNET-ում, որը Կոնգրեսի հետ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար օգտագործվող համակարգ է», - հաղորդել է լրատվամիջոցը։
«Մենք պատերազմ ենք հայտարարում տեղեկատվություն փոխանցողներին», - Axios-ին հայտնել է զրուցակիցներից մեկը։
Դեմոկրատները վրդովմունք են հայտնել այս առնչությամբ՝ նշելով, որ գաղտնի տեղեկատվության արտահոսքն անթույլատրելի է և պետք է հետաքննվի, սակայն Կոնգրեսին տրամադրվող տեղեկությունների սահմանափակումն անընդունելի է:
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է այդ գրոհների հետևանքով։
Սակայն արտահոսած հետախուզական տվյալները վկայակոչելով՝ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե ԱՄՆ-ի ավիահարվածներից իրանական միջուկային օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և Թեհրանը կարող է իր միջուկային ծրագիրը վերականգնել մի քանի ամսվա ընթացքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը հերքել են այս տեղեկությունները:
Հունիսի 25-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է արտահոսքը: