երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Սպիտակ ֆոսֆորի արտահոսք՝ Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում

Սպիտակ ֆոսֆորի արտահոսք՝ Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում

Հարավային Կորեայի իշխանությունները երեքշաբթի օրը մի քանի ժամով բնակիչների տարհանում են հայտարարել՝ Սեուլի մոտակայքում գտնվող ամերիկյան Օսան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի հնարավոր արտահոսքից հետո: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ արտահոսքը հայտնաբերվել է տեղական ժամանակով շուրջ 17:00-ին։ Մի քանի ժամ անց տարհանման մասին կարգադրությունը չեղարկվել է տարածքի ախտահանման աշխատանքների ավարտից հետո։ Տուժածների կամ լուրջ պատահարների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի 51-րդ կործանիչ աերոթևի հայտարարության մեջ չի հաստատվում սպիտակ ֆոսֆորի արտահոսքի փաստը։ Ամերիկյան զինվորականները հայտնել են միայն, որ «վերգետնյա միջադեպի» պատճառով, որպես զգուշության միջոց, բազայի շուրջ ստեղծվել է մոտ 300 մետր շառավղով անվտանգության գոտի։ Նրանք նաև հերքել են ավիաբազայի լիարժեք տարհանման մասին հաղորդագրությունները։

Ինչպես ընդգծել են զինվորականները՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և Փհենթհեքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ 

Հավելենք, որ սպիտակ ֆոսֆորը քիմիական նյութ է, որն օգտագործվում է հրկիզող զինամթերքում և ծխածածկույթի արկերում։

  • Կիսվել: