չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից. աղբյուր

Սիրիայի դեսպանն ապաստան է խնդրել Ռուսաստանից. աղբյուր

Մոսկվայում Սիրիայի դեսպան 69-ամյա Բաշար Ջաաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ դեսպանատունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ իր առաքելությունն ավարտող դիվանագետը պաշտոն է ստացել Դամասկոսի կենտրոնական վարչակազմում. «Հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝Դամասկոսի վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են Ձեզ, Սիրիային անհրաժեշտ է Ձեր դիվանագիտական փորձը»։

Ըստ SANA գործակալության՝ Սիրիայի ԱԳՆ-ն որոշել է կադրային ռոտացիայի շրջանակում Դամասկոսի կենտրոնական ապարատ տեղափոխել ՌԴ-ում և Սաուդյան Արաբիայում առաքելություն իրականացնող դեսպաններին:

Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Ռուսաստանում դեսպանատունը։

Աղբյուրի տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունն այն է, որ Ջաֆարին պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թ. նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։

Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2015 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան, որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ:

  • Կիսվել: