կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ անցկացված բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ երկու երկրները պետք է անկախ դիրքորոշում ունենան և ջանքեր գործադրեն «նոր սառը պատերազմը» կանխելու համար: Այդ մասին հաղորդում է Չինաստանի արտգործնախարարությունը։

«Մինչ աշխարհն անցնում է այնպիսի փոխակերպման և փոթորկումների միջով, ինչպիսիք չեն եղել մեկ դար շարունակ, Չինաստանը և Ֆրանսիան պետք է պահպանեն անկախությունը և համատեղ կանխեն «նոր սառը պատերազմը» կամ ճամբարների առճակատումը», - հայտարարել է Չինաստանի ղեկավարը։

Բացի այդ, Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է «շարունակեն հասկանալ իրար, համատեղ նպաստեն ներդաշնակ համակեցությանը, պահպանեն հեռատեսությունը և զորակցեն բազմաբևեռ, իրավահավասար ու կանոնակարգված աշխարհին»։

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և պաղեստինաիսրայելական հակամարտությունը։

«Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են և պետք է հանդես գան սուր հարցերի խաղաղ կարգավորման օգտին և իրենց ավանդը ներդնեն մոլորակի վրա կայուն խաղաղության և համընդհանուր անվտանգության հաստատման գործում», - ընդգծել է Սի Ծինփինը:

Նա կոչ է արել Մակրոնին ապահովել, որ Ֆրանսիան բարենպաստ պայմաններ ստեղծի չինական ձեռնարկությունների գործունեության համար, ընդլայնի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Չինաստան։

Այցի ընթացքում շուրջ 20 երկկողմ փաստաթուղթ է ստորագրվել էկոլոգիապես մաքուր զարգացման, ավիացիայի, ագրոպարենային արդյունաբերության, առևտրի և հումանիտար գիտությունների բնագավառներում համագործակցության շուրջ։

  • Կիսվել: