Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին
Շվեյցարիան առաջին անգամ միացել է ռուսական լրատվամիջոցների դեմ եվրոպական պատժամիջոցներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Խոսքն ութ զանգվածային լրատվամիջոցների մասին է՝ EADaily, «Լենտա», News Front, RuBaltic, «Յուժնի Ֆրոնտ», «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ», «Կրասնայա զվեզդա» և Fondsk։ Եվրամիությունը դրանք ներառել է փետրվարին հաստատված հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի մեջ։
Նշվում է, որ ըստ Տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) հրապարակած փաստաթղթի՝ Շվեյցարիան նույնպես այդ հրատարակությունները ներառել է իր պատժամիջոցների ցանկում։ Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 23-ից։
Մինչ այս Շվեյցարիան մամուլի ազատությունը հարգելու նկատառումներով երբեք չի միացել ԶԼՄ-ների դեմ պատժամիջոցներին:
Ռուսական ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակն Արևմուտքում վերջին տարիներին գնալով ավելի է բարդանում։ Դեռևս 2016 թ. նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում ասվում էր ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին՝ գլխավոր սպառնալիքը նշելով Sputnik-ն ու RT-ն։ Վերջերս ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր մեդիաների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը ԵՄ-ի տարածքում։ Ընդ որում, այս որոշումն ընդունվել է առանց դատարան կամ ազգային կարգավորող մարմիններին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։
Բացի այդ, Բրյուսելում ԵՄ-ի կառույցներին առընթեր լրագրողների հավատարմագրման հանձնաժողովը հրաժարվել է երկարաձգել «ՌԻԱ Նովոստի»-ի հավատարմագրումը 2025 թվականի համար՝ պատճառաբանելով պատժամիջոցներից բխող սահմանափակումները. գործակալությունը բողոքարկել է այս որոշումը։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն, ավելի վաղ պատժամիջոցներ սահմանելով ռուսական ԶԼՄ-ների դեմ, քանիցս ընդգծել է, որ սահմանափակումները չեն վերաբերում նրանց աշխատակիցների լրագրողական գործունեությանը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217848?fbclid=IwY2xjawJ0ZYtleHRuA2FlbQIxMAABHmoLIQmy5SaybsIvO6L5QHiD_XR5dRIHOz1LRiSJiug2MhZsF0TMD8VAkhJS_aem_NRG61Qj4HD-O268UUrpt6g