երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

Հուլիսի 30-ից ի վեր Իսպանիայի ոստիկանությունը Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Սեուտա անկլավում հայտնաբերել և նույնականացրել է ուղեկցողներ չունեցող 2168 անչափահաս միգրանտի, որոնց հանձնել են ինքնավար քաղաքի իշխանությունների խնամակալությանը: Այս մասին հաղորդում է Democrata պարբերականը։

Սա մեծապես գերազանցում է առանց ուղեկցողի օտարերկրացի անչափահասների ընդունելու՝ Սեուտային հատկացված թիվը, որը կազմում է 29 երեխա, նշում է հրատարակությունը։

Իսպանիայի կառավարությունն առաջարկել է 25 միլիոն եվրո հատկացնել անչափահասների հետ կապված արտակարգ վիճակը հասցեագրելու համար։

Ըստ Europa Press պարբերականի՝ վերջին հինգ օրվա ընթացքում հայտնաբերված անչափահասների թիվն աճել է 270-ով։

Գործող կենտրոնների լեփ-լեցուն լինելու պատճառով Սեուտայի ​​իշխանությունները Երիտասարդների գործերի նախարարության խնդրանքով լրացուցիչ շինություններ, այդ թվում՝ երկու դպրոց են բացել անչափահասներին տեղավորելու համար։

Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում և բնակություն է հաստատել ծովափին։

Սեուտայում միգրանտների շրջանում արագորեն տարածվում է քոսը, և առկա է սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի ու խոլերայի բռնկումների մեծ վտանգ։ Իսպանիայի իշխանությունները կազմակերպում են հայրենադարձությունը։ Անկլավից հեռանալ ցանկացողները գրավոր դիմում են ներկայացնում, որից հետո նրանց ուղեկցում են մինչև սահմանային անցակետ։

 

  • Կիսվել: