կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Վոնսանում հանդիպել է երկրի նախագահ Կիմ Չեն Ինի հետ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։ 

ՇՍերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի նախագահին հանդիպման հնարավորության համար։ 

«Սա միշտ մեզ խթան է տալիս զարգացնել հարաբերությունները նախագահ Պուտինի հետ ձեռք բերված այն պայմանավորվածություններին համահունչ, որոնք դուք ձեռք եք բերել, առաջին հերթին, խոսքը ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին է»,-ասել է Լավրովը։  

Վերջինս Հյուսիսային Կորեայի առաջնորդին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։  

«ՌԴ նախագահը հաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին։ Նա մեծ հույս ունի, որ շատ մոտ ապագայում կշարունակվեն ուղիղ շփումները»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։  

Լավրովը Կիմ Չեն Ինին տեղեկացրել է նաև ԿԺԴՀ արտգործնախարար Չհոյ Սոն Հիի հետ բանակցությունների մասին։

«Ձեր այցը շատ կարևոր պահ է մեր հատուկ և ամուր դաշինքը նոր մակարդակի հասցնելու համար, սա շատ կարևոր պահ է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման առումով»,-իր հերթին ընդգծել է ԿԺԴՀ-ի առաջնորդը՝ հավելելով, որ շփումները կարևոր են երկու երկրների շահերի պաշտպանության համար։ 

 

  • Կիսվել: