երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սենատոր Բոբ Մենենդեսը խոստացել է շարունակել արգելափակել Թուրքիային F-16 կործանիչների փոխանցումը

Սենատոր Բոբ Մենենդեսը խոստացել է շարունակել արգելափակել Թուրքիային F-16 կործանիչների փոխանցումը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը խոստացել է շարունակել արգելափակել Թուրքիային ռազմական ինքնաթիռների փոխանցումը, եթե Անկարան չբարելավի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը եւ չդադարեցնի սպառնալ ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին, գրում է Politico-ն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչներ եւ առանձին F-35 կործանիչներ Հունաստանին փոխանցելու հնարավորությունը, ինչի մասին ուրբաթ առաջին անգամ հայտնել է Wall Street Journal թերթը, իսկ հետո հաստատել է քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը, որը POLITICO-ի հետ զրուցել է անանունության պայմանով։

Նման գործարքը կպահանջի Կոնգրեսի հավանությունը եւ այն, որ սենատոր Բոբ Մենենդեսը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, դադարեցնի Անկարային կործանիչներ ուղարկելու իր հակազդեցությունը։

Բայց հայտարարության մեջ, որը Մենենդեսի գրասենյակը պատրաստել էր լրատվամիջոցների համար, եւ որը նախապես ստացվել էր POLITICO-ի կողմից, սենատորն ասել է, որ ինքը չի փոխել իր կարծիքը:

«Ես վճռականորեն դեմ եմ Բայդենի վարչակազմի առաջարկած Թուրքիային նոր F-16 ինքնաթիռների վաճառքին»,-ասել է նա՝ մեղադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նրանում, որ նա շարունակում է խաթարել միջազգային իրավունքը, անտեսել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը, տագնապալի ու ապակայունացնող վարքագիծ դրսեւորել Թուրքիայում եւ ՆԱՏՕ-ի գծով հարեւան դաշնակիցների նկատմամբ։

«Քանի դեռ Էրդողանը չի դադարեցրել իր սպառնալիքները, չի բարելավել Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, այդ թվում՝ լրագրողներին եւ քաղաքական ընդդիմությանը ազատ արձակելու ճանապարհով, եւ չի սկսել իրեն պահել այնպես, ինչպես պետք է իրեն պահի հուսալի դաշնակիցը, ես հավանություն չեմ տա այդ վաճառքին»,-շարունակել է  Մենենդեսը՝ նշելով, որ ինքը սատարում է F-35-ների վաճառքին Հունաստանին:

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Մենենդեսը դեռ դեկտեմբերին Սպիտակ տանը հայտնել է, որ չի պատրաստվում աջակցել ռազմական ինքնաթիռների զանգվածային փոխանցմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: