Սաուդյան Արաբիայում հետախուզական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկու զինծառայող
Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան Նաջրան նահանգում AH-6i հետախուզական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, հայտնում է Reuters-ը։
Նախնական տվյալներով, վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին։
Ըստ նրա, ուղղաթիռը կործանվել է Սաուդյան Արաբիայի Ազգային գվարդիայի նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքում։
Եմենի հութիները հայտարարել են, որ Նաջրանի շրջանում խոցել են սաուդյան Apache հարվածային ուղղաթիռ։ Շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ուղղաթիռը թշնամական գործողություններ էր իրականացնում հութիների դիրքերի դեմ՝ սահմանի երկայնքով։
Ալ-Մալիքին հերքել է հութիների հայտարարությունը։ Սարիայի հրապարակմանն ի պատասխան՝ նա տեղադրել է մի քանի Apache ուղղաթիռների լուսանկար և գրել. «Դուք պնդում եք, որ խոցել եք, բայց շուտով դրանք կմտնեն մարտի մեջ»։
Վերջին շաբաթներին Նաջրանը ենթարկվում էր հութիների հարձակումներին՝ շարժման և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև ռազմական գործողությունների սրման ֆոնին։



