Սաուդյան Արաբիան հայտնել է՝ երբ կկարգավորվեն հարաբերություններն Իսրայելի հետ
Սաուդյան Արաբիան կհամաձայնի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը միայն Պաղեստինյան պետության ստեղծմանն ուղղված անշրջելի ուղու ի հայտ գալու դեպքում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման մասին հայտարարությունների ֆոնին հայտնել է CNN-ի աղբյուրը թագավորությունում:
Աղբյուրը նշել է, որ Էր Ռիյադի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Անշրջելի ուղի դեպի Պաղեստինյան պետություն»։
Նշենք, որ Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելուց հետո Մերձավոր Արևելքի երկրները և այլ պետություններ «պարտավոր կլինեն» միանալ «Աբրահամյան համաձայնագրերին» և ճանաչել Իսրայելը։
Բացի դրանից՝ նա նաև զգուշացրել է «ավելի շատ ու ավելի հզոր, քան երբևէ նախկինում» ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին, եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ հակամարտության դադարեցման շուրջ։
CNN-ն ամփոփում է, որ, այսպիսով, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումների միջև պահպանվում է առանցքային տարաձայնություն. Վաշինգտոնն առաջ է մղում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ընդլայնումը որպես ավելի լայն տարածաշրջանային համաձայնագրի մաս, մինչդեռ Էր Ռիյադն այս գործընթացը կապում է պաղեստինյան հարցում հստակ առաջընթացի հետ։



