Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Այսօր՝ հունիսի 25-ին, Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի դեսպան Կ․ Իստրատեն, որին հանձնվել է նախարարության նոտան՝ Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսին «անցանկալի անձ» հայտարարելու և այնտեղ գտնվող՝ այդ երկրի հյուպատոսական հիմնարկի առաջիկա փակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից։
«Այս միջոցը պատասխան է Բուխարեստի կողմից Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնության անհիմն չեղարկմանը և դրա ղեկավարին «անցանկալի անձ» հայտարարելուն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ռումինական իշխանությունները փակել էին մայիսի վերջին՝ անօդաչու թռչող սարքին առնչվող միջադեպից հետո։ Մայիսի 29-ին դրոնը բախվել էր ուկրաինական սահմանի մոտ գտնվող Գալաց քաղաքի բազմահարկ բնակելի շենքերից մեկին։ Պատահարի հետևանքով տուժել էր չորս մարդ։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել էր, որ անօդաչու սարքը խոցվել էր ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցներով։ Միաժամանակ, տեղի ունեցածի պատասխանատվությունը Բուխարեստը բարդել էր Ռուսաստանի վրա։



