երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ «150-ը՝ 150-ի դիմաց» սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ «150-ը՝ 150-ի դիմաց» սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «150-ը՝ 150-ի դիմաց» սկզբունքով: Համաձայնությունը ձեռք է բերվել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահը։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ազատ արձակված ռուսաստանցիներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ Հետագայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ վերականգնման ու բուժման նպատակով։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Ուկրաինա վերադարձած զինծառայողների թվում կան նրանք, ովքեր գերի են ընկել Մարիուպոլի համար մարտերի ժամանակ։ Նշվում է, որ ոմանք ավելի քան երկու տարի անցկացրել են ռուսական գերության մեջ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ «25-ը՝ 25-ի դիմաց» բանաձևով։ Բանակցություններում որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։

 

  • Կիսվել: