Ռուսաստանը և Ադրբեջանը ստացել են AZAL ինքնաթիռի սև արկղերի նյութերի պատճենները
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը, նրա խոսքերը մեջբերել է Kazinform գործակալությունը։
«Սև արկղերի տվյալները վերծանվել են, վերադարձվել են Ղազախստան և գտնվում են Գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի ձեռքում։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի պատճենները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասաց նա։
Փոխվարչապետը պարզաբանել է, որ համացանցում հրապարակված սեւ արկղերի սղագրությունը տարբերվում է բնօրինակից։
Ավիավթարի մասին նախնական զեկույցը կարող է հրապարակվել հաջորդ շաբաթ, հավելել է Բոզումբաևը։