Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում» Ուկրաինայի հետ բանակցություններում. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած Մյունխենի գագաթնաժողովում, հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չափազանցված է համարում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում Ռուսաստանի պահանջները։ «Ես չէի ասի, որ ռուսները հետաքրքրված չեն լուծում գտնելով։ Սակայն այս պահին նրանք որոշակի զիջումներ են խնդրում, և մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են խնդրում», - Վենսի խոսքերն է մեջբերել The Hill-ը։
Վենսի խոսքով՝ Սպիտակ տունը դրական է գնահատում Ուկրաինայի պատրաստակամությունը՝ համաձայնելու 30-օրյա հրադադարին, սակայն այս նախաձեռնությունը չի ստացել ռուսական կողմի աջակցությունը։ Ինչպես նշել է փոխնախագահը, այս պատճառով բանակցություններում ժամանակավոր հրադադարի քննարկումը կորցրել է իր արդիականությունը։ Նա ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը դեռևս առաջընթաց է ակնկալում խաղաղության գործընթացում, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել միջնորդությանը մասնակցելուց։
«Մենք կցանկանայինք տեսնել, որ ռուսներն ու ուկրաինացիները համաձայնության գան որոշ հիմնական սկզբունքների շուրջ՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար», - բացատրել է Վենսը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս գործընթացին, սակայն գլխավոր քայլը մնում է Կիևի և Մոսկվայի միջև կապի հաստատումը։ «Մենք կարծում ենք, որ սա հաջորդ կարևոր փուլն է, որի ուղղությամբ պետք է շարժվել», - հավելել է նա։ Միաժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ դեռևս հակված չէ հոռետեսորեն տրամադրված լինել բանակցությունների հեռանկարները գնահատելիս։