երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ռուսաստանում սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր «նվերները»

Ռուսաստանում սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր «նվերները»

Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը սկսի խաղալ Արևմուտքի օգտին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան՝ մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն խոսքերը, թե Մոսկվայի համար իմաստ չունի «մարգարիտներ շաղ տալ» Հայաստանի ներկայիս ղեկավարության առաջ։

Չեպան ընդգծել է, որ Երևանի համար անհնար կլինի միաժամանակ «նստել երկու աթոռի վրա»՝ թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում։

«Նրանք ուզում են Ռուսաստանից ստանալ բոլոր արտոնությունները և խաղալ Արևմուտքի օգտին։ Թող խաղան։ Բայց այդ դեպքում մենք էլ, բնականաբար, հետ կվերցնենք մեր բոլոր նվերները, որոնք երկար տարիներ արել ենք [այդ] երկրին։ Եվ Փաշինյանի համար շատ դժվար կլինի», — նշել է պատգամավորը։

Չեպայի կարծիքով՝ անհիմն են Երևանի հայտարարությունները, թե ինչ-որ մեկը դեմ է հանդես գալու նրանց ՀԱՊԿ-ին մասնակցությանը։ «Ոչ ոք չի լինելու, թող իրենք դուրս գան։ Չեն ուզում՝ թող դուրս գան։ Ոչ ոք ոչ մեկին չի պահում», — ընդգծել է պատգամավորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: