չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ռուսաստանում ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ են կայացրել 2024 թվականին

Ռուսաստանում ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ են կայացրել 2024 թվականին

2024 թվականին Ռուսաստանի դատարանները կայացրել են օտարերկրացիների արտաքսման մասին 174 000 վճիռ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ինը տարվա համար։ Այդ մասին են վկայում ՌԴ գերագույն դատարանին կից Դատական ​​գերատեսչության վիճակագրության տվյալները, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը։

2024 թվականին դատավորները կայացրել են 174 000 վճիռ վարչական պատժի մասին՝ արտաքսման ձևով, ինչը մեկ երրորդով ավելի է, քան 2023 թվականին, երբ նման որոշումերի թիվը եղել է 129 700։ Ընդ որում, նախորդ 10 տարիների ընթացքում արտաքսման վերաբերյալ դատարանների վճիռների քանակը կրճատվել է՝ 2014 թվականի 180 000-ից 2019-ին մինչև 125 000, իսկ ամենացածր ցուցանիշները եղել են COVID-19-ի տարիներին. 2020 թվականին  դատարանները կայացրել են 33 500 վճիռ արտաքսման մասին, 2021-ին՝ 33 800 վճիռ։

Դատարանի վիճակագրության համաձայն՝ արտաքսման մասին վճիռների մեծ մասը (ավելի քան 140 000) դատարանները կայացրել են ՌԴ մուտքի կամ երկրում մնալու կանոնների խախտման համար, 21 000-ն՝ օտարերկրացիների կողմից աշխատանքային գործունեության անօրինական իրականացման, 131-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ խախտումների  համար։

2024 թվականին դատական աշխատակիցները 87 000 օտարերկրացու հարկադրաբար արտաքսել են 66 երկիր։ 

2025 թվականից որոշ վարչական իրավախախտումների համար, բացի դատարաններից, արտաքսման որոշումներ կարող են կայացնել նաև ոստիկանական մարմինները՝ Ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների ղեկավարները, միգրացիայի հարցերի, թմրամիջոցների շրջանառության վերահսկման և տրանսպորտային ոստիկանության ստորաբաժանումները:

 

  • Կիսվել: