Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղության համար խոչընդոտ չէ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը կհետևի Ուկրաինային հարվածները դադարեցնելու իր կոչին, որը նա հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում ապրիլի 24-ին՝ Ուկրաինայի մայրաքաղաքին Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերը հասցված հարվածներից հետո։ «Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից։ Դրա կարիքը չկա, դրա ժամանակը չէ: Վլադիմի՛ր, կա՛նգ առ: Մեկ շաբաթում 5000 զինվոր է զոհվել: Եկեք խաղաղ դաշինք կնքենք»,- գրել է Սպիտակ տան ղեկավարն ու վստահեցրել, որ ՌԴ նախագահը լրջորեն կընկալի իր խոսքը։
Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Վաշինգտոնն Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցում «ուժեղ ճնշում է գործադրում երկու կողմի վրա»։ «Մենք շատ մոտ ենք Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ համաձայնությանը»,- Թրամփի խոսքն է մեջբերում Reuters-ը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը «խաղաղության խոչընդոտ չէ» և «երկու առաջնորդներն էլ» (Վոլոդիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը) հետաքրքրված են դրանով։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշման վրա ազդում են էներգակիրների գները։